ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ Հայաստանի 2 զինծառայողի ապօրինի առևանգումը Ադրբեջանի կողմից պարտավորություններից հետ կանգնելու հերթական փորձ է։ Այս մասին Twitter-ում հայտնել է ՀՀ արգործնախարարության մամուլի ծառայությունը։
Հայտնել ենք, որ երեկ` մայիսի 26–ին, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Այսօր հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը` ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ։ Մեքենան գտնվել է շարժիչը գործարկված վիճակում։
«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանությունների ազատ արձակել նրանց (առևանգված զինծառայողներին,–խմբ.) և կատարել Հայաստանի բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու պարտավորությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության և միջազգային գործընկերների ու հաստատությունների կոչերի»,- ասված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ կետերի, 469-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Իրականացվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ ծավալուն միջոցառումներ՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից սահմանն ապօրինի հատելու և զինծառայողների առևանգման հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։
Հավելենք, որ ադրբեջանցիներն առևանգել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանին և Կարեն Աշոտի Ղազարյանին։