ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը Ուկրաինայի զինված ուժերի կողմից բազմակի հրետակոծության տակ է հայտնվել, Բելգորոդի շրջանի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է զոհերի և ավերածությունների մասին:
«Ամենածանր օրը Շեբեկինսկի շրջանում։ Մեկ մարդ զոհվել է: Նա քաղաքում գործող ձեռնարկության անվտանգության աշխատակից էր, գնդակոծության պահին փողոցում է եղել։ Տուժածների թվում կան երեխաներ, երկու դեռահաս․ 15 տարեկան աղջիկ՝ ստորին վերջույթների վնասվածքներով և 17 տարեկան տղա՝ կոնտուզիայով։ Տեղափոխվում են մանկական մարզային հիվանդանոց»,-իր Telegram ալիքում գրել է մարզպետը։
Գնդակոծության հետևանքով կոտրվել են 6 բազմաբնակարան շենքերի ապակիները, ճաքել են շենքերի ճակատամասերը։ Արկերի բեկորներից վնասվել են մի քանի խանութներ։ Մասնավոր բնակելի հատվածում ցանկապատներ և ճակատամասեր են վնասվել, կոտրվել են պատուհանները, ավերվել են երեք տների ջերմոցները։ Արկի ընկնելու հետևանքով այրվել է մեկ ավտոտնակ և ավտոմեքենա:
«Քաղաքում վնասվել է նաև էլեկտրահաղորդման գիծը։ Էլեկտրիկների բրիգադը ձեռնամուխ է եղել վթարի վերացմանը»,-հավելել է Գլադկովը։
Նշենք, որ Շեբեկինո քաղաքն Ուկրաինայի սահմանից գրեթե չորս կիլոմետր է հեռու։