ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանը ներկայիս գերագույն գլխավոր հրամանատարի հետ (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,– խմբ.) չի կարող հաղթանակ տոնել հաջորդ պատերազմում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ըստ նրա` Հայաստանը 5 տարի առաջ մեծ վերելք ապրեց, իսկ այսօր աննախադեպ վայրէջք է։
«Այսօր մեզ սպառնում է մեր պետականությունը կորցնելու իրական վտանգ։ Մենք գնում ենք մեր երկիրը հանձնելու ու կազմակերպվող ցեղասպանության ծրագրին, եթե ոչինչ չփոխենք։ Վստահ եմ` փոփոխությունն անհրաժեշտ է, որովհետև մենք կորցնում ենք Հայաստանն ու մեր առջև պատերազմ է»,– նշեց Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ տարբեր եղանակներ է առաջարկել այս իրավիճակից դուրս գալու համար, օրինակ` եթե ներկայիս իշխանությունն իր առաջ դրված խնդիրները չի լուծում, ապա ժողովուրդը պետք է իր ձեռքը վերցնի լիազորությունները և գործ անի։
Քաղաքական գործիչը վստահ է` ժողովուրդը պետք է դուրս գա հրապարակներ, բացի այդ, հավաքական փրկչի կարիք չկա։ Այսօր, ըստ նրա, անհրաժեշտ է հավաքական պատասխանատվության խորհուրդ, որի շնորհիվ ներկա իրավիճակը կփոխվի։
«Ունենք լավ սպաներ, բայց որևէ մեկը որևէ ձայն չի հանում։ Պետական կառույցներում աշխատողները նույնպես չեն ընդդիմանում. Գնում է պետական, ազգային, քաղաքացիական դավաճանություն: Այս վիճակի կրողը, հեղինակը դարձել է ազգային չարիք»,- հավելեց Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով` իշխանությունն ուզում է Հայաստանը դարձնել հաշմանդամ պետություն՝ այն հանձնելով ցեղասպանող թշնամիներին:
Ըստ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի` Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթուղթը եթե անգամ կոչվում է խաղաղության պայմանագիր` միևնույնն է` ՀՀ վարչապետն ամեն ինչ տալու է և պատերազմ է լինելու։