Քիշնևում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում նախատեսված չէ

Արխիվային լուսանկար
Հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Քիշնևում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրումը ներառված չէ, Sputnik Ամենիայի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ արտգործնախարարությունից։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և մասնավորապես «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են:
«Ինչպես բազմիցս նշել ենք, հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները: Կարծում ենք դրանց շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո: Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ»,-նշել են արտգործնախարարությունից:
Ավելի վաղ «Reuters» գործակալությունը հղում անելով Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային, գրել էր՝ հնարավոր է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր ստորագրեն հունիսի 1-ին Մոլդովայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։
Հիշեցնենք` մայիսի 25–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։