ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Մեր ողբերգությունն այն է, որ այդպես էլ չունեցանք ազգային պետական էլիտա`նույն արժեքների վրա հիմնված, նույն մտածողությունն ունեցող և իրար հետ ամեն ինչի գնալու պատրաստ: Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Իմ կարծիքով՝ պիտի պարտադրել ազգային պետական էլիտա՝ տնտեսական, քաղաքական, հոգևոր, մշակութային գործիչներից: Եթե 100 մարդ մեկ անգամ վճռական կանգնի (կա նաև մեկ խնդիր՝ առաջնորդի հստակեցման խնդիրը, որը ընթացքում պետք է լինի), ապա ես վստահ եմ, որ այս գործընթացն այլևս կանգ չի առնի, և մենք այդ նպատակին կհասնենք։ Այդ 100 մարդու մեջ կունենանք Հայաստանի հաջորդ իշխանության հիմնական կարևորագույն դեմքերին, որոնք այս դժվարագույն վիճակում, միևնույնն է, ելքեր կգտնեն, քանի որ ելքերը Հայաստանում են»,-ասաց պատգամավորը` անդրադառնալով այն հարցին, որ ընդդիմությունը, ըստ էության, չի հաջողել իշխանափոխություն իրականացնելու գործընթացը։
Վարդանյանը հավելեց, որ ընդդիմությունը վաղուց է իր մեղքն ընդունել, որ չի կարողացել համախմբել հասարակությանը։ Նա շեշտեց, որ պետք է պայմանականորեն ընդամենը 100 մարդ, որոնք 100 տոկոսով համաձայն կլինեն իրար հետ ու պատրաստ կլինեն մինչև վերջ գնալ, նույնիսկ` ինքնազոհաբերության։
Հիշեցնենք` 2022–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ։
2022–ի ապրիլի 22-ին Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետին ու նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք անցկացրեց։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, և մայիսի 2-ից սկսվեցին անհնազանդության ակցիաները։
Հունիսի 14-ին Սաղաթելյանը հայտարարեց, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը, և հունիսի 15-ին վրանները հավաքեցին: Դա, սակայն, ընդդիմադիրի խոսքով, ամենևին էլ պայքարի ավարտ չի նշանակում. նրանք շարունակելու են անհնազանդության ակցիաներն ու երթերը, գնալու են մինչև վերջ:
Շարժումը, սակայն, աստիճանաբար մարեց։