ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Այսուհետ մեծահասակները կարող են Հայաստանի գինեգործության մայրաքաղաք մեկնել խմիչք համտեսելու, իսկ երեխաները` «Կոսմոսում» լինելու: Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում նման թեմատիկ անվանումով և համապատասխան ձևավորմամբ բացվեց ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնը, որը հագեցած է ժամանակակից համակարգչային սարքավորումներով։
Նախագծի նպատակն է երեխաներին ռուսաց լեզու սովորեցնել և պատմամշակութային հարուստ ավանդույթներին ծանոթացնել ռուսաստանցի հաջողակ բլոգերների, ծրագրավորողների, երաժիշտների, գյուտարարների հետ կանոնավոր հանդիպումների և կենդանի շփումների միջոցով: Այսինքն` արտերկրում ռուսաց լեզվի ֆակուլտատիվ ուսուցման ավանդական մեթոդների փոխարեն Արենիում (առաջին անգամ Հայաստանում) մեկնարկում է խոսքի մոդուլների ծրագիր:
Այստեղ արդեն նախատեսված են ծրագրավորման և ՏՏ տեխնոլոգիաների դասընթացներ, որոնց կմասնակցի, օրինակ, «Յանդեքս» ընկերության մասնագետը: Երեխաները կկարողանան ավելին իմանալ իրենց հետաքրքրող մասնագիտությունների, դրանց գաղտնիքների մասին և ավելի հեշտ կողմնորոշվել իրենց ապագայի ընտրության հարցում:
«Կոսմոսի» բացմանը ներկա ծնողների խոսքով՝ սա գյուղի պատմության մեջ կարևոր իրադարձություն է, որն ավելի հետաքրքիր կդարձնի Արենիի դպրոցականների առօրյան:
Արենիում ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի բացման արարողության ընթացքում հնչեցին բանաստեղծություններ և երգեր, երեխաներին նվիրեցին ուսապարկեր և գլխարկներ:
Հայաստանում ծրագիրն իրականացնում է «Հաղորդակցությունների զարգացման միջազգային ինստիտուտ» մարդասիրական հիմնադրամը՝ հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (Ռուսաստան) աջակցությամբ: Ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն Վալենտինա Կոմլևան տեղեկացրեց, որ այս շաբաթ Գանձակ գյուղում և Սևան քաղաքում կբացվեն ևս երկու նմանատիպ կենտրոններ՝ «Գրականություն» և «Արվեստ» թեմատիկ անվանումներով: Իսկ հետագայում նախագիծը կընդգրկի նաև Հայաստանի մյուս մարզերը։