Հնարավոր է` գերմանական խոշոր բանկերից մեկը ծրագրեր իրականացնի Հայաստանում

Վահան Քերոբյանը հանդիպել է Ուզբեկստանում և Հարավային Կովկասում Commerzbank AG-ի ներկայացուցիչների հետ
Հյուրերի հետ քննարկվել են Հայաստանում գրանցված տնտեսական բարձր ցուցանիշները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Նախարար Վահան Քերոբյանը այսօր հանդիպել է Ուզբեկստանում և Հարավային Կովկասում Commerzbank AG-ի ներկայացուցչության ղեկավար Քեթևան Անտիձեի և հաճախորդների հետ կապերի մենեջեր Մարիա Մոստովոյի հետ։ Տեղեկությունը հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են վերջին շրջանում Հայաստանի տնտեսության ոլորտի ակտիվ զարգացման միտումներն ու գրանցված տնտեսական բարձր ցուցանիշները, անդրադարձել ֆինանսաբանկային ոլորտում համագործակցության հնարավոր եզրերին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարը ներկայացրել է մեր երկրում իրականացվող ներդրումային խոշոր ծրագրերը։ Նա հյուրերին առաջարկել է դիտարկել դրանցում բանկի ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունները։
Նշենք, որ Commerzbank AG–ն գերմանական բանկային կոնցեռն է։ Ակտիվների ծավալով Գերմանիայում երրորդ տեղում է, իսկ Եվրոպայում ՝ քսաներորդը։ Գլխավոր գրասենյակը Մայնի Ֆրանկֆուրտում է։ Ունի ավելի քան 11 միլիոն մասնավոր և 70 հազար կորպորատիվ հաճախորդների աշխարհի գրեթե 50 երկրներում: