Հնարավոր է` Երևանն ու Բաքուն խաղաղության համաձայնագիր ստորագրեն հունիսի 1-ին Քիշնևում. ԶԼՄ

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Դմիտրի Պեսկովի խոսքով` հիմա հազիվ թե որևէ մեկը կարող է կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման հասնելու հստակ ամսաթիվը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հնարավոր է` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր ստորագրեն հունիսի 1-ին Մոլդովայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։ Տեղեկությունը հաղորդում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային:
«Մենք հուսով ենք, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Սա պատմական պահ է, որը չի կարելի բաց թողնել»,- ասել է Աբդուլաևան։
Նշենք, որ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանն ու Ալիևը բանակցություններ կանցկացնեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ լրագրողներին ասել է, որ տեսանելի հեռանկարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է:
«Կա ընդհանուր տեսակետ, կա պետությունների ղեկավարների ըմբռնումը, թե ինչպես դա լուծել, ուստի աշխատանքային մակարդակում այլևս չպետք է ինչ-որ արհեստական խոչընդոտներ ստեղծվեն»,- ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ երեք երկրների փոխվարչապետները մեկ շաբաթից կհավաքվեն Մոսկվայում և կհարթեցնեն մնացած հարցերը, դեռ պետք է պայմանավորվել մանրամասների շուրջ:
«Ամեն ինչ վերջնական ավարտի հասցնելու խնդիր չի դրվում, քանի որ գլխավորն ամեն դեպքում վերջնական արդյունքն է։ Հիմա հազիվ թե որևէ մեկը կարող է կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման հասնելու հստակ ամսաթիվը։ Չնայած, ինչպես երեկ հանդիպման ժամանակ ասվեց, հիմա շատ առումներով հանգամանքները փոխվել են»,-ասել է Պեսկովը։
Նշենք, որ Երևանն ու Բաքուն անցած տարի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։ Այս տարվա փետրվարի սկզբին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները և ուսումնասիրում է դրանք: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխենում փետրվարի 18-ին կայացած բանակցությունների արդյունքում Ալիևը հայտարարեց` գլխավոր հարցն այն է, որ այդ խաղաղության պայմանագիրը պետք է կազմվի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա, Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ անթույլատրելի է:
Հիշեցնենք` մայիսի 25–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։
Փաշինյան VS Ալիև. Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների «մենամարտը» ԵԱՏՄ նիստում