ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայաստանի ներկայացուցիչները Բուլղարիայում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup միջազգային մրցաշարի եզրափակիչ են դուրս եկել: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Սպորտային մարմնամարզության ֆեդերացիան:
Աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի գավաթի հաղթող Արթուր Դավթյանը եզրափակիչ փուլում հանդես կգա երեք մրցաձևում՝ ազատ վարժություններ, նժույգ թափեր և օղակների վրա վարժություններ:
Հայաստանի հավաքականը Վառնայի մրցաշարում ներկայացնում են երկու մարզիկ՝ Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը: World Challenge Cup-ն անցկացվում է մայիսի 25-28-ը:
Հայ մարմնամարզիկները պատրաստվում են սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայանալիք Աշխարհի առաջնությանը, որը ուղեգիր է տալիս Փարիզի Օլիմպիական խաղերի համար։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Արթուր Դավթյանը հենացատկի աշխարհի գավաթի հաղթող էր դարձել Կոտբուսում, Դոհայում և Կահիրեում։