Գրիգորյանն ու ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Ադրբեջանի հետ բանակցությունները

Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին
Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումները: Գրիգորյանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
«Քննարկել ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցեր»,– նշել է նա:
Ըստ Գրիգորյանի` քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր։
Հատկանշական է, որ ամերիկացի դիվանագետը Երևան է ժամանել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո:
Հիշեցնենք` մայիսի 25–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։
Փաշինյան VS Ալիև. Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների «մենամարտը» ԵԱՏՄ նիստում