Գյումրեցի դյուցազունը նոր ռեկորդ է սահմանել

Ալեքսանդր Կիրակոսյան
Գյումրեցի Ալեքսանդր Կիրակոսյանը շարունակում է համալրել իր ռեկորդների շարքը:Նույն օրը ռեկորդներ սահմանեց նաև նրա սանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Գետնին պառկած, ոտնաթաթը ֆիքսած, ծնկները թեթև ծալած վիճակում՝ մեջքը գետնից բարձր վիճակում՝ երկու 16 կգ կշռաքարերի ուսագոտուց դեպի վերև զույգ հրում 10 րոպեի ընթացքում 250 անգամ՝ սա Ալեքսանդր Կիրակոսյանի այսօրվա առաջին ռեկորդն էր։ 20 րոպե ընդմիջումից հետո նա երկրորդ ռեկորդը սահմանեց՝ թեք պառկած 10 րոպեի ընթացքում դեպի վերև զույգ հրում 311 անգամ:
Ալեքսանդր Կիրակոսյան
Կիրակոսյանը Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենն է, ու ռեկորդ սահմանելը հարազատ պատերի ներքո ավելի քան պարտավորեցնող էր:
Sputnik Արմենիային պետ զրույցում մարզիկը նշում է՝ պատվի հարց է:
«Հայի գենն է խոսում, բացի այդ, սա նաև սաներին ոգևորելու լավ օրինակ է»,-ասում է Կիրակոսյանը՝ դժվարանալով պատասխանել թե սա իր որերորդ ռեկորդն է: «Անկեղծ չեմ կարող ասել, հավանաբար 13-րդը, դրանց մեծ մասը տեղ են գտել «Դյուցազնագրքում»:
Այս անգամ 62-ամյա մարզիկն իր ռեկորդները նվիրվում է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի այն սաների հիշատակին, որոնք 44-օրյա պատերազմում զոհվեցին հանուն հայրենիքի։
Հավելենք, որ Ալեքսանդր Կիրակոսյանի հետ նույն օրը նույն հարթակին նրա սանն էր՝ Վարազդատ Թովմասյանը, որը մեկ ձեռքով 32 կգ կշռաքարը 1 րոպեի ընթացքում բարձրացրեց 47 անգամ: Ընդմիջումից հետո էլ Վարազդատը 50 կգ կշռաքարը 35 վայրկյանում բարձրացրեց 8 անգամ:
Դյուցազունները խոստանում են՝ սրանով չեն սահմանափակվի՝ նոր ռեկորդներ դեռ լինելու են:
1 / 4

Ալեքսանդր Կիրակոսյան

2 / 4

Ալեքսանդր Կիրակոսյանն ու Վարազդատ Թովմասյանը

3 / 4

Ալեքսանդր Կիրակոսյան

4 / 4

«Դյուցազնագրքի» հանձնաժողովը