ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Ղազախստանը մտադիր չէ և չի նախատեսում ստեղծել որևէ միութենական պետություն կամ անդամակցել դրան։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մայիսի 25-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի լիագումար նիստին: Այնտեղ նա հայտարարել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ինտեգրման տարբեր մակարդակների առկայության մասին` ուշադրություն հրավիրելով միավորման մեջ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության առկայության վրա:
«Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Ղազախստանը մտադիր չէ և չի նախատեսում ստեղծել կամ անդամակցել որևէ միութենական պետության»,-նշել է Ժելդիբայը:
Նրա խոսքով` այսօր, իսկապես, ԵԱՏՄ-ի երկու մասնակից` Ռուսաստանն ու Բելառուսը, մերձեցման ավելի բարձր և սերտ մակարդակ են դրսևորում:
«Սա եզակի նախադեպ է։ Ինչպես նշել է երկրի ղեկավարը, ըստ էության` խոսքը մեկ ժողովրդի և պետության մասին է: Եվ այս առումով շատ կարևոր է տարանջատել նախաձեռնությունները երկու ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում, որոնք բոլորովին տարբեր նպատակներ ունեն»,-ասել է նա։
Ժելդիբայը հստակեցրել է` պետության ղեկավարի առանցքային ուղերձն այն էր, որ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրումը կարող է և պետք է ընթանա բացառապես տնտեսական ճանապարհով:
«Դրա շրջանակներից դուրս գալը խախտում է կազմակերպության կանոնադրական փաստաթղթերի նպատակները, սկզբունքներն ու խնդիրները։ Ինչպես ընդգծել է նախագահը, տնտեսական ինտեգրումն ինքնանպատակ չէ, այլ տնտեսությունների զարգացման և մեր ժողովուրդների բարեկեցության բարձրացման միջոցներից մեկն է: Այսինքն` միավորման շրջանակներում ընդունվող ցանկացած որոշում պետք է արդյունք տա դրա յուրաքանչյուր առանձին մասնակցին և, առաջին հերթին, ԵԱՏՄ բոլոր պետությունների քաղաքացիներին»,- ընդգծել է Տոկաևի մամուլի քարտուղարը։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Մոլդովան 2018 թվականի մայիսից ԵԱՏՄ-ին կից դիտորդ է։ 2020 թվականին ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանդիպմանը որոշում է կայացվել Կուբային ևս ինտեգրացիոն միավորմանը կից դիտորդի կարգավիճակ տրամադրել։