Եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարություն դեռ կլինի. Արթուր Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կարծում է, որ այս պահին վերլուծությունների կարիք չկա այս թեմայով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Մայիսի 25–ին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին– Փաշինյան– Ալիև եռակողմ հանդիպումը տապալված համարել չի կարելի։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Նա վստահեցրեց, որ հանդիպման արդյունքներով համապատասախան հայտարարություն դեռ կլինի։
«Քանի որ եռակողմից առաջ եղել էին նաև երկկողմ հանդիպումներ ու այլ ֆորմատով աշխատանքներ, գուցե դրա համար եռակողմը կարճ տևեց, բայց այս պահին վերլուծությունների կարիք չկա»,– ասաց նա։
ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հավելեց` արդյունքների մասին հայտարարություն չի եղել, բայց չի եղել նաև հայտարարություն, թե բանակցությունների շարունակություն չի լինելու։ Այնպես որ, ամեն ինչ գնում է իր հունով։
«Դիվանագիտությունը շատ ճկուն է և չունի որոշակի տրամաբանական հստակ օրինաչափություն, օրինակ` այսինչ հանդիպումն անպայման պետք է ավարտվի այսինչ ձևով։ Սա դիվանագիտական գոծընթաց է, որը պահանջում է անգամ ձեւաչափի փոփոխություն»,– ասաց նա։
Հիշեցնենք` մայիսի 25–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Դրանից հետո Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։
Փաշինյան VS Ալիև. Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների «մենամարտը» ԵԱՏՄ նիստում