ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանի դպրոցներում այսօր վերջին դաս է։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է շրջանավարտներին` մաղթելով նրանց լուսավոր ուղի և բազում հաջողություններ։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նա հիշեցրել է, որ մի քանի օրից կմեկնարկեն ավարտական և ընդունելության քննությունները և հավելել է, որ լավագույն արդյունքներ ապահովելը թույլ կտա գնալ նպատակների իրագործման ճանապարհով:
«Դուք արդեն տեսել եք համավարակը ու դաս արել անսովոր պայմաններում, անցել եք պատերազմի օրերով՝ շատերիդ դասարաններում հյուրընկալելով Լեռնային Ղարաբաղի երեխաներին։ Դուք արդեն տեսել եք իրավիճակներ, որոնք շատ հաճախ թվում էին գրքային ու անիրական։ Այս փորձառությունը մեզ բոլորիս շատ բան է սովորեցրել ու դեռ շատ բան պիտի սովորեցնի։ Բաց պահեք ձեր միտքը անընդհատ սովորելու համար»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարի հիմնական դպրոցը կավարտեն շուրջ 35300, իսկ 12–րդ դասարանը` շուրջ 19900 սովորողներ։