ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Արարատի մարզի Այգեզարդի դպրոցի Վերջին զանգի արարողության փորձն ավարտվել է դանակահարությամբ, հայտնում է shamshyan.com-ը։
Մասնավորապես, երեկ, ժամը 22։40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «որովայնի թափանցող վիրավորում, ներքին և արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Այգեզարդ գյուղի բնակիչ 22-ամյա Սահակ Սահակյանն է։
Պարզվել է, որ ժամը 22։00-ի սահմաններում Այգեզարդ գյուղի Ղարիբյան-Չկալովի փողոցների խաչմերուկում Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 22-ամյա Մարատ Մինասյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Սահակյանին, ապա հարձակվել վերջինիս հոր՝ 48-ամյա Արայիկ Սահակյանի վրա, սակայն հայրը պաշտպանվել է, իսկ Մինասյանը դիմել է փախուստի։
Կայքի տեղեկություններով՝ դանակահարության պատճառը եղել է այն, որ Այգեզարդ գյուղի դպրոցի Վերջին զանգի միջոցառման փորձի ժամանակ Սահակյանին դուր չի եկել Մինասյանի կատակը նրա եղբոր հասցեին։
Նշվում է, որ դանակահարվածը ժամեր անց տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Ոստիկանները գտել և բերման են ենթարկել Մինասյանին, ապա ձերբակալել։