ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ապարանի տարածաշրջանի Ափնագյուղի ավտոտեխսպասարկման կետում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայության լրատվության բաժինը։ Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել 1 անձ։
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 18:48-ին։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ահազանգով մեկնած փրկարարները պարզել են, որ Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, «Jeep» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի վերանորոգման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել պայթյուն։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 42-ամյա աշխատակիցը` Է. Մ.-ն։
Պայթյունի հետևանքով վնասվել են տեխսպասարկման կետի տանիքի մոտ 25 քմ հատվածը, նաև մոտակա ավտոտեխսպասարկման կետի ապակիները (մոտ 4 քմ) և «Jeep» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելն Է. Մ.-ն հոսպիտալացվել է Երևանի «Արմենիա» հանրապետական բուժկենտրոն։