ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Թուրքական ազգայնական «Զաֆեր» կուսակցությունը մայիսի 24-ին հայտարարել է, որ ընտրությունների երկրորդ փուլում սատարում է Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։ Համաձայնագրի շրջանակներում թեկնածուն պարտավորվում է առավելագույնը մեկ տարվա ընթացքում Թուրքիայից վտարել անօրինական բոլոր միգրանտներին և փախստականներին։
Համատեղ արձանագրության կետերից մեկում նաև ասվում է, որ կողմերը մտադիր են շարունակել ահաբեկչության, այդ թվում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարը և հրաժարվել պետական պաշտոններում նշանակել նրանց, որոնց կապն ահաբեկիչների հետ ապացուցված է։
«Աթա» դաշինքից Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Սինան Օգանը մայիսի 22-ին հայտարարել էր, որ մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Իր ելույթում նա ընդգծել էր Թուրքիայից մի քանի միլիոն անօրինական միգրանտների արտաքսման և արտաքսման ժամանակացույցի մշակման կարևորությունը, ինչպես նաև՝ բոլոր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակելու մտադրությունը։
«Աթա» դաշինքը ներառում էր նաև «Զաֆեր» կուսակցությունը, սակայն ընտրություններից հետո այն հայտարարեց դաշինքի փաստացի փլուզման մասին։ Կուսակցությունը նշել է, որ Օգանն իր անունից հայտարարություն է արել։ «Զաֆերը» խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 2 տոկոսը եւ չի անցել խորհրդարան։
Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 49,52 տոկոսը, նրա մրցակից, ընդդիմադիր յոթ կուսակցությունների թեկնածու Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոս։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը մայիսի 28-ին է։ Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ձայների պարզ մեծամասնություն։