Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն. Պուտին

Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահը կարծում է, որ Երևանի և Բաքվի միջև չկարգավորված հարցերը տեխնիկական բնույթ են կրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։ Այս հայտարարությունն արեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։
«Ես հույս ունեմ, որ բոլոր չլուծված հարցերն այդ ձևաչափով կլուծվեն»,– ասաց նա։
Խոսելով այսօրվա հանդիպման մասին` Պուտինը հիշեցրեց, որ կողմերին արդեն հաջողվել է արդյունքների հասնել եռակողմ ձևաչափով։ Նա օրինակ բերեց 2020 թ–ի նոյեմբերի 9-ը, որից հետո մարտական գործողությունները դադարեցին։
«Այս ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, ես հիմա կանգ չեմ առնի դրանցից յուրաքանչյուրի վրա։ Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, չնայած գոյություն ունեցող բարդություններին ու խնդիրներին, այնուամենայնիվ, իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ»,– հավելեց նա։
Բոլոր չկարգավորված հարցերը, ըստ ՌԴ նախագահի, զուտ տեխնիկական են։
Հիշեցնենք` այսօր Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Դրանից հետո Պուտինն առանձին հանդիպումներ է անցկացրել Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում է սկսվել։
Փաշինյան VS Ալիև. Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների «մենամարտը» ԵԱՏՄ նիստում