ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մրցակից, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հեռուստատեսային բանավեճի է հրավիրել նրան։ Քըլըչդարօղլուն ցանկանում է ապացուցել , որ Էրդողանը համագործակցում է ահաբեկիչների հետ: Այս մասին նա գրել է Twitter-ում։
«Ես չեմ ասում, որ դու պարզապես բանակցում ես, Էրդողան, դու հովանավորում ես ահաբեկիչներին։ Եթե ապացույցների կարիք ունես, ես քեզ մարտահրավեր եմ նետում: Արի բանավիճենք այսօր երեկոյան, վաղը կամ շաբաթ օրը ձեր սեփական TRT հեռուստաալիքով: Ես բոլորին կապացուցեմ, որ դու անազնիվի մեկն ես, ով համագործակցում է ահաբեկիչների հետ»,- գրել է Քըլըչդարօղլուն։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ եթե Քըլըչդարօղլուն չկարողանա ապացուցել ահաբեկիչների հետ իր կապը, ապա նա անազնիվ մարդ է:
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 49,24 տոկոսը, ընդդիմության 7 կուսակցություններից նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45,07 տոկոսը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին: Հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների մեծամասնությունը: