ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստի մասնակիցներն ամփոփիչ փաստաթղթեր են ստորագրել: Փաստաթղթերի ցուցակը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Փաստաթղթերը 13-ն են։ Դրանց թվում են ԵԱՏՄ շրջանակում ծառայությունների առանձին հատվածների ազատականացման ծրագրերի իրականացման և միության անդամ պետությունների կողմից 2021-2022 թվականներին առևտրի ծառայությունների կարգավորման, հիմնադրման և գործունեության կանոններով նախատեսված դրույթների կատարման մոնիթորինգի արդյունքների մասին կարգադրությունները։
Ստորագրվել է նաև արձանագրություն, որը վերաբերում է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարված փոփոխություններով ԵԱՏՄ մասնակից պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ ֆինանսական աջակցության տրամադրմանը:
Ստորագրված փաստաթղթերի ցանկը եզրափակում է ԵՏԲԽ հերթական նիստի անցկացման տեղի և ժամի մասին կարգադրությունը:
Հիշեցնենք` Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մոսկովյան այցի շրջանակում նախատեսված է նաև Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որին կհաջորդի Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ քննարկումը։
Ընդլայնված նիստին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):