ԵՐԵՎԱՆ, 25մ այիսի – Spitnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը համարում է, որ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու հետ համատեղ պետք է զարգացնել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը։
«Մենք ողջունում ենք Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Իրանի, Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ուղղությամբ միջանցքներ ձևավորելու Ռուսաստանի Դաշնության մտադրությունը։ Կարծում եմ, որ հասունացել է այն ընկալումը, որ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը պետք է զարգանա Տրանսկասպյան երթուղու հետ», - ասել է Տոկաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որն ընթանում է Մոսկվայում։
Տոկաևը նշել է, որ Ղազախստանը ԵԱՏՄ–ի հուսալի լոգիստիկ հանգույց կծառայի՝ գործի դնելով իր բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները։
«Որպես առարկայական նախաձեռնություն առաջարկում ենք Չելյաբինսկ-Բոլաշակ-Իրան երկաթուղային մայրուղով արագընթաց բեռնատար գնացքներ գործարկել», - ավելացրել է նա:
Տոկաևի խոսքով՝ հետագա ինտեգրացիոն զարգացման ևս մեկ կարևոր ուղղություն կարող է դառնալ նոր միջազգային տրանսպորտային զարկերակների ստեղծումը:
«Վստահ եմ, որ մեր տնտեսական միությունն ի վերջո կապող օղակ կդառնա Եվրոպայի ու Ասիայի, գլոբալ Հարավի և Հյուսիսի միջև», - ընդգծել է Ղազախստանի ղեկավարը:
Նա առաջարկել է նաև դիտարկել Իրանի և Թուրքմենստանի ծովային և ցամաքային նավահանգիստներում ենթակառուցվածքների կառուցման համատեղ ներդրումների հնարավորությունը: Ղազախստանի նախագանը նշել է, որ դա զգալիորեն կընդլայնի ԵԱՏՄ անդամ պետությունների արտահանման աշխարհագրությունը, կամրապնդի լոգիստիկ հնարավորությունները։
Ֆիզիկական ենթակառուցվածքի զարգացմանը զուգահեռ, Տոկաևի կարծիքով, չափազանց կարևոր է առարկայական լուծումներ մշակել ապրանքների տարանցման ընդհանուր թվային համակարգի ստեղծման համար։
«Այն պետք է լինի հուսալի, բայց հեշտ օգտագործման համար և հիմնված լինի առաջադեմ թվային տեխնոլոգիաների վրա», - կարծում է նա:
Տոկաևի կարծիքով՝ պետք է լուծվեն նաև էլեկտրոնային կապարակնիքների օգտագործման, օպերատիվ տեղեկատվության փոխանակման երաշխիքային համակարգի, ինչպես նաև «E-պատուհանների» համակարգի զարգացման հարցերը:
«Այդ միջոցառումները թույլ կտան ստեղծել ընդհանուր թվային մուլտիմոդալ միջանցք, որը կարագացնի ապրանքահոսքերը և կօպտիմալացնի մատակարարման շղթաները», - ասել է Ղազախստանի նախագահը։
Հիշեցնենք` Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մոսկովյան այցի շրջանակում նախատեսված է նաև Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որին կհաջորդի Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ քննարկումը։
Ընդլայնված նիստին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):