Փաշինյանը Բաքվի քաղաքականությանը համահունչ է գործում․ ՌՀՄ հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի հայ համայնքը ներկայացնող ամենամեծ կազմակերպությունում կարծում են, որ Փաշինյանը չի կարող ներկայացնել հայկական պետությունը և պաշտպանել հայ ժողովրդի շահերը՝ որպես իրավահավասար և արժանի բանակցող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի–Sputnik. Ռուսաստանի հայերի միությունը լրջորեն անհանգստացած է մայիսի 22-ին և 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, «խաղաղության օրակարգի» վերաբերյալ հայտարարություններով։
«Հայերը եղել և մնում են խաղաղ ու ստեղծագործ ժողովուրդ։ Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է խաղաղություն և համապատասխան պայմաններ՝ շարունակական զարգացման համար: Բայց և այնպես, մենք համոզված ենք, որ ՀՀ ներկայիս վարչապետը, որը պարտվեց 44-օրյա պատերազմում և փաստացի կապիտուլյացիայի ենթարկվեց, ցույց տվեց իր անկարողությունը՝ պատասխանելու Ալիևի շուրթերից հնչող՝ նույնիսկ իր անձին վերաբերող հրապարակային վիրավորանքներին, չի կարող որպես իրավահավասար և արժանապատիվ բանակցող՝ ներկայացնել հայկական պետությունը և պաշտպանել հայ ժողովրդի շահերը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանը, ըստ ՌՀՄ-ի, երկրորդելով պաշտոնական Բաքվի քաղաքականությունը, իր գործողություններով մեթոդաբար մեզ տանում է ոչ թե դեպի խաղաղության, այլ նոր՝ ավելի դաժան պատերազմի։
«Վերջին հինգ տարվա ընթացքում Փաշինյանի թիմի պրոֆեսիոնալիզմի բացակայությունն անուղղելի վնաս է հասցրել բանակցային և փորձագիտական գնահատման մեխանիզմներին։ Դա հանգեցրել է նրան, որ պետության ղեկավարը հայտարարում է «Հայաստանի կողմից Ադրբեջանի 86 600 քառ. կմ-ը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի տարածքը, ճանաչելու» մասին։ Այս պարագայում նա ինքն իրեն հաշիվ չի տալիս, որ Փաշինյանի կամ մեկ ուրիշի ստորագրությունը նմանատիպ փաստաթղթի տակ չի կարող օրինական համարվել, քանի որ գոյություն ունի Հայաստանի Գերագույն խորհրդի՝ 1992 թվականի հուլիսի 8-ի վավեր որոշումը, որում ասված է՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել ցանկացած միջազգային կամ ներպետական փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի որպես Ադրբեջանի մաս»։
ՌՀՄ-ն կարծում է, որ ընտրողներից ստացված մանդատը, որոնց թիկունքում այդքան սիրում է թաքնվել վարչապետ Փաշինյանը, չի վերաբերում նման ճակատագրական որոշումներին և իրավունք չի տալիս պետության բարձրագույն պաշտոնյային՝ անտեսելու երկրի Հիմնական օրենքը, ինչպես նաև՝ այդպես ինքնակամ վերաբերվել մարդկանց ճակատագրին, մեր պատմական տարածքներին, որոնք հազարամյակներ շարունակ ամրագրվել են հայ ժողովրդի զավակների արյունով։
Կազմակերպությունից Փաշինյանին հիշեցրել են իր իսկ կողմից բազմիցս արված հայտարարություններն ու հավաստիացումները, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցերը լուծվելու են՝ հաշվի առնելով հայ ժողովրդի կարծիքը։ Լեռնային Ղարաբաղը, թեկուզեւ չճանաչված, բայց շարունակում է մնալ անկախ պետություն։ ՌՀՄ-ն աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և ռուս խաղաղապահներին, որոնք այնտեղ ապրող հայերի կյանքի և անվտանգության միակ երաշխավորներն են։
Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին. Շոյգու