ԱԳ փոխնախարարը ԿԽՄԿ նախագահի հետ Նյու Յորքում քննարկել է ԼՂ–ում ստեղծված վիճակը

Վահե Գևորգյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ
Փոխնախարարը ընդգծել է ԼՂ–ում ԿԽՄԿ ակտիվ ներգրավվածությունը և անարգել հումանիտար հասանելիությունն ապահովելու անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ Նյու Յորքում քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը և կոմիտեի կողմից գործադրվող ջանքերի մանրամասները։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Նշվում է, որ փոխնախարար անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության նորմերի ոտնահարմանը։
Գևորգյանը անդրադարձել է նաև ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին ընդունված որոշման կոպիտ խախտմամբ Լաչինի միջանցքում անցակետի ապօրինի տեղադրմանը։
«Այս համատեքստում նա կարևորել է Լեռնային Ղարաբաղում առկա մարդասիրական մարտահրավերների հասցեագրման նպատակով ԿԽՄԿ ակտիվ ներգրավվածությունը և անարգել հումանիտար հասանելիությունն ապահովելու անհրաժեշտությունը»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ընդգծելով Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ ազատ արձակման և հայրենադարձման հրամայականը՝ Վահե Գևորգյանն արժևորել է նաև ԿԽՄԿ գործունեությունը միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կատարումն ապահովելու ուղղությամբ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
Այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։