Կորոնավիրուսի դեմ պայքարի համար դուրս գրված գումարը կվերադարձվի ՀՀ բյուջե

Արխիվային լուսանկար
2023թ․ մայիսի 19-ի դրությամբ COVID 19-ի դեմ պայքարի ծրագրով հատկացված 5 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 160 մլն–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. 2023թ–ի բյուջեով COVID-19–ի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման համար հատկացված 5 մլրդ դրամից 4.6-ը կվերադարձվի պետական բյուջե։
Որոշումն այսօր ընդունվել է Հ կառավարության նիստում` առանց զեկուցման ու քննարկման։
Նախագծում ներկայացրած հիմնավորման համաձայն` COVID-19–ի դեմ պայքարի ծրագրով հատկացված 5 մլրդ դրամից 2023թ․ մայիսի 19-ի դրությամբ փաստացի ծախսվել է միայն 160 մլն դրամ։ Մինչև տարեվերջ նախատեսվում է ծախսել ևս 240 մլն։
Հետևաբար, մնացած 4․6 մլրդ դրամը կվերադարձվի պետական բյուջե, ավելի կոնկրետ` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։
Հիշեցնենք` 2023թ․ մայիսի 4-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը հայտարարեց, որ COVID19-ը այլևս չի հանդիսանում համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ։