Կոլումբիայում 3 մարդ ահաբեկչության զոհ է դարձել. կան բազմաթիվ վիրավորներ

Պայթյունը տեղի է ունեցել Կոլումբիայի պաշտպանության նախարար Իվան Վելասկեսի` դեպարտամենտ ժամանելուց մի քանի ժամ առաջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Անհայտ անձինք պայթուցիկ սարքի օգտագործմամբ հարձակվել են ոստիկանական պարեկների վրա Կոլումբիայի Հյուսիսային Սանտանդեր դեպարտամենտի Տիբու քաղաքում, մահացել է ոստիկանության երկու աշխատակից և մի տեղացի կին, ևս ութ մարդ հոսպիտալացվել է, հայտնում է Caracol ռադիոկայանը:
«Իշխանությունները հայտնում են ոստիկանության երկու սպանված աշխատակիցների և մեկ սպանված քաղաքացիական անձի, ինչպես նաև չորս վիրավոր ծառայողների մասին. պայթուցիկ սարքը գործարկվել է անցնող պարեկային մեքենայի կողքին»,-հայտնել է ռադիոկայանն իր կայքում:
Տուժած ոստիկաններից բացի վիրավորվել է չորս քաղաքացիական անձ՝ երկու տղամարդ և երկու կին, նրանք բոլորը հոսպիտալացվել են:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Կոլումբիայի պաշտպանության նախարար Իվան Վելասկեսի` դեպարտամենտ ժամանելուց մի քանի ժամ առաջ:
ԶԼՄ-ների տեղեկություններով` այդ տեղանքում հանցավոր գործունեություն են ծավալում «Ազգային ազատագրման բանակի» ճակատներից մեկի ապստամբները, ինչպես նաև Կոլումբիայի նախկին Հեղափոխական զինված ուժերի մասնակիցները։