Կարևոր է Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին. Շոյգու

Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ Անդրկովկասում իրավիճակի կայունացման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոսել է ՀԱՊԿ օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցության կարևորության մասին:
Մայիսի 22–ի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դեռ որոշում չունի ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ։
«Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը։ Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավորն Անդրկովկասում իրավիճակի կայունացման համար։ Ընդ որում, հատուկ կցանկանայի նշել ՀԱՊԿ շրջանակներում օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցության կարևորությունը»,-ասել է Շոյգուն։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի ՊՆ–ն ՀԱՊԿ–ին տեղեկացրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումն աննպատակահարմար է։
Զորավարժությունները, որոնք ի սկզբանե պետք է անցկացվեին Հայաստանում, կազմակերպվելու են Ղրղզստանում։
ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ–ում կգործի, երբ հստակ ընդգծի ՀՀ տարածքը. Փաշինյան
Հիշեցնենք, որ Մինսկում ընթանում է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն նիստին մասնակցում է կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։