ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետի որդու միջադեպի գործով առգրավվել են ՀՀ վերաքննիչ դատարանի տարածքի բոլոր տեսախցիկները, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հաղորդման հիմքով՝ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով։ Գործով կալանավորվել է 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։
Ըստ պարբերականի՝ վերջինս, ըստ լուրերի, քաղաքական իշխանության կողմից ճնշման է ենթարկվել և հրաժարվել է վարչապետի դեմ իր պայքարից, և դա է պատճառը, որ նա հրաժարվեց իր պաշտպաններից, իսկ «Որդիների կանչ» ՀԿ-Ն էլ դադարեցրեց նստացույցը Կառավարության դիմաց, որից հետո նրան ազատ կարձակեն։
Գայանե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը հայտնել է, որ ճնշման մասին խոսք չի կարող լինել, այդ թվում՝ պայմանավորվածության, առաջիկայում իրենք՝ գործով ներգրավված նոր պաշտպանները, կանդրադառնան քրեական վարույթին։
Մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Մայիսի 20-ին Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումից հետո 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երթով Արշակունյանց պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ու անժամկետ նստացույց հայտարարեցին` պահանջելով ազատ արձակել Հակոբյանին։
Նստացույցը դադարեցվեց մայիսի 23-ին։