ԵՊՀ ֆակուլտետներից մեկի դեկանն ու ևս երկու անձ կալանավորվել են. Հակակոռուպցիոն կոմիտե

4 ձերբակալվածներից 3–ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ` տնային կալանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նրա խոսքով` դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունները։
«Դեկան Հ. Ս.-ի (Հայկ Սարգսյան-խմբ), ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի ու կաշառք տալու համար մեղադրվող անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Դեկանի տեղակալ Ա. Ն.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ կաշառք ստանալու մեղադրանքով երեկ ձերբակալվել էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, երկու դասախոս և վերջիններիս կաշառք տված անձինք: