ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության կազմում բարենպաստ պայմաններ ստեղծելու համար կարևոր է, որ անդամ երկրների աշխատանքային միգրանտները պարզեցված ընթացակարգով իրացնեն իրենց աշխատանքային իրավունքները միության յուրաքանչյուր երկրում։ Այս մասին Մոսկվայում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարեց Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը՝ առաջարկելով աշխատանքային միգրացիայի համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով լրացնել հեռակա կարգով։
«Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս անհամեմատ պարզեցնել մեր քաղաքացիների կողմից ադմինիստրատիվ գործընթացները։ Պետք է քաղաքացիներին հնարավորություն տալ այլ պետություններում աշխատանքի տեղավորվելու էլեկտրոնային տարբերակով, այդ թվում՝ գտնվելով իրենց երկրներում։ Որպես առաջին քայլ՝ առաջարկում եմ ճանաչել աշխատանքային միգրանտի՝ ելքի երկրներում ստացած բուժզննության արդյունքները, ինչպես արվում էր Covid-ի ժամանակ։ Պետք է ընդամենն ընդլայնել դրա մեխանիզմներն ու կիրառել»,- հայտարարեց Ժապարովը։
Բացի այդ, նա առաջարկում է ԵԱՏՄ երկրներին տրամադրել տրանսպորտային միջանցքներ առանց ծովային ելքի։ Ըստ նրա՝ տրանսպորտային այդ միջանցքների հասանելիությունը պետք է ունենան մասնակից այն երկրները, որոնք դեպի ծով ելք չունեն։
«Տրանսպորտի և լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտում ուզում եմ կենտրոնանալ տրանսպորտային միջանցքների նոր ենթակառուցվածքի զարգացման անհրաժեշտության վրա, մասնավորապես հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ուղղություններով: Առաջարկում եմ հատուկ ուշադրություն դարձնել դեպի ծով ելք չունեցող ԵԱՏՄ երկրների համար տրանսպորտային միջանցքների մուտքն ապահովելու խնդրի վրա»,- ասաց Ժապարովը։
Հիշեցնենք` Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մոսկովյան այցի շրջանակում նախատեսված է նաև Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որին կհաջորդի Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ քննարկումը։
Ընդլայնված նիստին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):