ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Նոր Զովքի» կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում հայտնի է դարձել պետությունից առանձնապես խոշոր չափերով հարկեր թաքցրած մեկ այլ ընկերության մասին։ Խոսքը «Բոմոնդի» մասին է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Շինանյութի մանրամեծածախ վաճառքով զբաղվող «ԱՎԱՄ ԳՐՈւՊ» («Բոմոնդ» խանութների ցանց) գործադիր տնօրեն Ս.Ս-ն, ծրագրային ապահովման ոլորտում աշխատող «ԱԿԹՐԵՅԴ–ՍՈՖԹ» ՍՊԸ–ի սեփականատեր Վ.Ս.-ի օժանդակությամբ, 2016 թվականի ապրիլ ամսից 2023 թվականի փետրվար ամիսը ներառյալ թաքցրել է «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ»–ի հարկման օբյեկտը և հարկային հաշվարկներում մտցրել խեղաթյուրված տվյալներ։
«ԱՎԱՄ ԳՐՈւՊ»–ի վաճառքից առաջացած եկամուտները թաքցնելու և միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու համար Ս.Ս.-ն ներգրավել է Վ.Ս-ին, որը վճարի դիմաց հանցանքի կատարման համար տրամադրել է գործիքներ ու միջոցներ, վերացրել է խոչընդոտներ, մասնավորապես`իրական շրջանառությունների վերաբերյալ տվյալները թաքցրել է իր հաշվառման հասցեի նկուղում։ ՔԿ–ից հիշեցնում են, որ նույն սերվերային համակարգից հայտնաբերվել էին նաև «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից թաքցրած շրջանառության վերաբերյալ տվյալները։
«Այդ կերպ «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ս.-ն, տիրապետելով ընկերության կողմից իրացված ապրանքների իրական շրջանառությանը, որը 2016թ. ապրիլ ամսից 2023թ. փետրվարի 20-ը ներառյալ կազմել է 7.613.869.637 ՀՀ դրամ, Վ.Ս.-ի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով ավելացված արժեքի հարկը և շահութահարկը չվճարելու նպատակով թաքցրել է ընկերության կողմից հիշյալ ժամանակահատվածում իրականացված հարկվող գործարքների մի մասը, նույն հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված հաշվարկային փաստաթղթերով ցույց է տվել 3.437.911.927 ՀՀ դրամ շրջանառություն՝ չհայտարարագրելով 4.175.957.710 ՀՀ դրամ շրջանառությունը, և 2016թ. ապրիլ ամսից 2023թ. փետրվար ամիսների ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, 2019-2021 թթ. շահութահարկի տարեկան հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ»,– հայտնում են ՔԿ–ից։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա միջնորդություններ են ներկայացվել մի խումբ անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար, այդ թվում` «Ավամ Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ս.-ի, նախկին տնօրեն Վ.Ա.-ի, գլխավոր հաշվապահներ Մ.Խ.-ի և Ս.Մ.-ի, ինչպես նաև «ԱԿԹՐԵՅԴ–ՍՈՖԹ»–ի սեփականատեր Վ.Ս.-ի նկատմամբ։
Նախաքննության ընթացքում «Ավամ Գրուպ»–ի տնօրեն Ս.Ս.-ն պետական բյուջե է վերականգնել շրջանառությունը թաքցնելու արդյունքում չվճարված գումարից 500.000.000 ՀՀ դրամ հարկային պարտավորությունները։
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք` հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Զովք» սուպերմարկետների ցանցում։ Ավելի ուշ ՊԵԿ-ը տեղեկություն տարածեց, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ում առերևույթ հարկային չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով մեղադրյալ 4 անձինք կալանավորվել են։ Նրանք են «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Արամ Արամյանը, ընկերության տնօրեն Ռ․Ա․-ն, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ն, ու առերևույթ հանցավոր մեխանիզմի կիրառմանը տեխնոլոգիական-ծրագրային աջակցություն ցուցաբերած «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ–ի տնօրեն Վ․Ս․–ն։
Ապրիլի 6–ին «Նոր Զովքի» սեփականատերը, տնօրենը և հաշվապահն ազատ արձակվեցին։