ՌԱԴԻՈ

ԱՄՆ–ի հետ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությունն իրատեսական չէ. փորձագետ

Էներգետիկ փորձագետի կարծիքով` Հայաստանում մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հարցում չարժե շտապողականություն ցուցաբերել` առավել ևս ինչ–ինչ քաղաքական նկատառումներից ելնելով։
Sputnik
Հայաստանում ատոմային էներգետիկան զարգացել է օրգանիկ և բնականոն կերպով, հետևաբար սա այն ոլորտը չէ, որ անհարկի կերպով քաղաքականացվի կամ արտաքին վեկտորների քաղաքական շահերը սպասարկի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՄԱԿ–ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը` խոսելով ՀՀ–ում ամերիկացիների աջակցությամբ մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հեռանկարի մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության՝ Եվրոպայի և Եվրասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ։ Ըստ ամերիկյան կողմի` մոդուլային միջուկային ռեակտորների կառուցումը կարող է հանգեցնել ավելի մեծ էներգետիկ անկախության ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից։
«Դեռ 1960-ական թվականների կեսերից Հայաստանը համագործակցում է ռուսական կողմի հետ, ինչի արդյունքում ունի ռեակտորների կառուցման, շահագործման բազմամյա հաջող փորձ, այդ թվում` Սպիտակի ծանր երկրաշարժին դիմակայելու փորձ։ Տվյալ ոլորտն իր բնույթով բավականին կոնսերվատիվ է ու չնայած օգտագործում է արդիական բարձր տեխնոլոգիաներ, այդուհանդերձ կիրառման տեսանկյունից այստեղ տեղին է «փորձված թանի» ասացվածքը»,– ասաց Մարջանյանը։
Նրա համոզմամբ` ատոմային էներգետիկան Հայաստանում կզարգանա միայն տասնամյակների հաջող փորձարկում ունեցող ռեակտորների հիման վրա։
Այս պահին աշխարհում շահագործվում է միայն 2 փոքր ռեակտոր՝ Չինաստանում ու Ռուսաստանում, իսկ ԱՄՆ–ում նման ռեակտորներ դեռևս չկան։
«Մի շարք երկրներում գոյություն ունեն մի քանի պիլոտային ծրագրեր, և միայն ժամանակը ցույց կտա, թե արդյոք դրանք էներգետիկ տեսանկյունից հուսալի են ու շահավետ։ Այս հարցում չարժե շտապողականություն ցուցաբերել, առավել ևս ինչ–ինչ քաղաքական նկատառումներից ելնելով»,– շեշտեց մեր զրուցակիցը։
Մարջանյանի կարծիքով` ի տարբերություն ԱՄՆ–ի, որտեղ վերոհիշյալ ռեակտորների շահագործման փորձ չկա, Ռուսաստանում և Չինաստանում արդեն իսկ գործարկվում են բավականին հետաքրքիր պիլոտային ծրագրեր։ Ըստ նրա` շատ կարևոր է նաև վառելիքի, հումքի հարցը, ինչը մեծապես կախված է օգտագործվող տեխնոլոգիաների կիրառումից, որովհետևր կոնկրետ ռեակտորի պարագայում կա զուտ դրա համար մշակված ուրանային վառելիք։
Ատոմային էներգիայի օրենքում փոփոխություններ կարվեն. ինչ են զեկուցել Փաշինյանին
Փորձագետը տեղեկացրեց, որ Հայաստանն ու Ռուսաստանն արդեն ստորագրել են մի շարք միջպետական պայմանագրեր, որոնցով նախատեսվում է մեզ մոտ նոր էներգաբլոկ կառուցել, ուստի բնական կլինի, եթե նոր ռեակտորի համապատասխան վառելիքը նույնպես ձեռք բերվի ռուսական կողմից։ Հաշվի առնելով այս ամենը` Մարջանյանը շեշտեց, որ ամերիկյան կողմի հետ նշված ոլորտում համագործակցությունն իրատեսական չէ։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում ՀՀ–ից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ, որպեսզի տեղում ավելի մանրամասն ծանոթանա մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություներին։
Հիշեցնենք` ՀԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թ-ին։ Մինչ այդ` 2012թ. –ին, կառավարությունը որոշում ընդունեց այն 10 տարով երկարացնելու մասին։ Այդ նպատակով ՀԱԷԿ-ում իրականացվեցին մեծածավալ արդիականացման ու վերազինման աշխատանքներ, որոնց գերակշիռ մասի` շուրջ 189 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը կատարվեց ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներով, 63,2 մլրդ դրամը (մոտ 160 մլն ԱՄՆ դոլար)` ՀՀ պետական բյուջեից։ ՀԱԷԿ–ի թարմացված էներգաբլոկի աշխատանքի ժամկետն ավարտվում է 3 տարի հետո` 2026թ.-ին։ Ուստի կառավարությունը մտածում է այն երկրորդ անգամ երկարացնելու մասին` մինչ լիովին նոր ատոմակայան կառուցելը։
Հայաստանն ու Կորեան կարող են համագործակցել ատոմային էներգիայի ոլորտում
Հաշվի առնելով արդեն կատարված արդիականացման աշխատանքները, ինչպես նաև պրոֆիլային կազմակերպությունների կարծիքները և նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարաձգման միջազգային փորձը, նախատեսվում է լրացուցիչ ներդրումների և աշխատանքների հաշվին հնարավորություններ ստեղծել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու համար (մինչև 2036 թ.):