2022-ին Հայաստանում Ռուսաստանից աշխատանքային միգրանտների թիվն աճել է 272 տոկոսով. ԵՏՀ

Արխիվային լուսանկար
Ռուսաստանում ԵԱՏՄ քաղաքացիների համար ինքնազբաղվածների պիլոտային նախագիծն արդեն հայտարարված է, ընթանում է մանրամասների մշակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Ռուսաստանից աշխատանքային միգրանտների թիվը Հայաստանում անցյալ տարի ավելացել է 272 տոկոսով, ռուսաստանցիների ներհոսք է նկատվում նաև Ղազախստանում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան:
«Մենք վիճակագրություն ենք վարում միայն աշխատողների վերաբերյալ, այսինքն այն մարդկանց, որոնք մեկնել են աշխատելու նպատակով։ Մենք ունենք 2022 թվականի տվյալները, որտեղ Հայաստանի և Ղազախստանի մասով աճ կա։ Օրինակ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականի համեմատ 272 տոկոս աճ է երևում։ Նաև Ղազախստանի Հանրապետությունում աճ կա մոտ 70 տոկոս»,-ասել է Օմուրբեկովան Եվրասիական տնտեսական համաժողովի ընթացքում։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ նման միտում Բելառուսում և Ղրղզստանում նախորդ տարի չի նկատվել:
Բացի այդ, Օմուրբեկովան հայտնել է, որ ԵԱՏՄ-ն պիլոտային նախագիծ է մշակում, որը որպես ինքնազբաղված գրանցված միգրանտներին թույլ կտա միաժամանակ գրանցում ստանալ բնակության վայրում: Ներկայումս այս հարցի շուրջ աշխատանքներ են տարվում ՆԳՆ-ի և հարկային ծառայության հետ։
Ռուսաստանում ԵԱՏՄ քաղաքացիների համար ինքնազբաղվածների պիլոտային նախագիծն արդեն հայտարարված է, ընթանում է մանրամասների մշակում` այդ նախաձեռնության հետագա իրականացման համար։
Պուտինը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ռուսաստանցիների արտահոսքը կրճատելու համար
ԵՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը և Հայաստանը: 2023 թվականին Ռուսաստանը նախագահում է Միության մարմիններում։
Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացումը հարմարեցված է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների և դիտորդ պետությունների ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը տեղի կունենա Մոսկվայում մայիսի 25-ին:
ՌԻԱ Նովոստին հանդես է գալիս որպես Եվրասիական տնտեսական համաժողովի տեղեկատվական գործընկեր: