Որո՞նք են Հայաստանի կարմիր գծերը բանակցություններում․ պատասխանում է ՀՀ արտգործնախարարը

ՀՀ արտգործնախարարը մի շարք կետեր նշեց, որոնցով հստակեցնում է, թե ինչն է Հայաստանի համար համարում կարմիր գիծ և վստահեցրեց, որ այդ ուղղություններով բանակցությունները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելիս որոնք են Հայաստանի կարմիր գծերը։
«Երկու երկրների ղեկավարները (Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը,- խմբ․) միջազգային դերակատարների ներկայությամբ պայմանավորվել են, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ ՀՀ վարչապետն արդեն խոսել է 29,8 քկմ-ի մասին, և սա, անշուշտ, կարմիր գիծ է և Հայաստանի սահմանների ու դրանց ճանաչման կոնտեքստում առավելագույն հնարավոր որոշակիությունը մեզ համար նույնպես կարմիր գիծ է»,- նշեց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը չի պատկերացնում, որ կարող է վերջնական կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ, երկարատև խաղաղություն ունենալ Հարավային Կովկասում, եթե Լեռնային Ղարաբաղի հայության գլխին շարունակի կախված մնալ էթնիկ զտումների վտանգը։
Ըստ Միրզոյանի՝ սրանք նույնպես կարմիր գծեր են։
Նա վստահեցրեց՝ բոլոր այդ ուղղություններով բանակցությունները շարունակվում են։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ եռակողմ` հանդիպում եղավ Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
Մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Մայիսի 25-ին Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։