ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Բուլղարիայի Վառնա քաղաքում մայիսի 25-28-ը կանցկացվի World Challenge Cup-ը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի կազմում ընդգրկված կլինեն Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Մարմնամարզիկները հանդես կգան մարզիչ Հայկ Նազարյանի գլխավորությամբ, իսկ Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների թվում:
Մարմնամարզիկները նախապատրաստվում են սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Ավելի վաղ՝ ապրիլին, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձել էր 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող՝ մինչ այդ ոսկե մեդալներ նվաճելով Կոտբուսում, Դոհայում և Կահիրեում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլերի հենացատկի վարժության եզրափակիչներում: