ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանում գազատար է բռնկվել: Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Այժմ շրջանի ղեկավարը տեղում է, մեկ օրվա ընթացքում ամեն ինչ կվերականգնվի։ Քննչական մարմիններն աշխատում են, սպասում եմ բռնկման պատճառի մասին զեկույցին», - Twitter–ում գրել է մարզպետը։
Նրա խոսքով՝ հրդեհի հետևանքով դադարեցվել է Բեզիմենո բնակավայրի ու խոզաբուծական համալիրի գազամատակարարումը։
Գլադկովը խոստացել է, որ հրդեհի հետևանքներն արագ կվերացվեն։
Այս գիշեր Բելգորոդի մարզի վրա հարձակում է տեղի ունեցել։ Մարզպետը հայտնել է, որ տարածաշրջանը գրոհել են մեծ թվով անօդաչու թռչող սարքեր, սակայն չի պարզաբանել, թե կոնկրետ քանիսը: Թեև հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացրել են դրանց մի մասը, այդուհանդերձ հարձակման հետևանքով ավերածություններ են եղել։
Հիշեցնենք` մայիսի 22-ից 23-ը տարածաշրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր հայտարարվել, քանի որ Գրայվորոնի շրջանի տարածք դիվերսանտներ էին ներթափանցել։ ՌԴ պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց, որ դիվերսիոն խմբի անդամները ջախջախված են, ոչնչացվել է ավելի քան 70 դիվերսանտ, մնացածները հետ են շպրտվել Ուկրաինայի տարածք։ Հարվածները շարունակվել են այնքան, մինչև բոլորը չեզոքացվել են։