Շիշ շպրտելուց սկսած ամեն ինչ տեղի է ունեցել, դե կրակել դեռ որ չի ստացվում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել դռնփակ և դռնբաց ռեժիմով հանդիպել և պատասխանել ընդդիմադիր պատգամավորների բոլոր հարցերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Ժամանակն է` ընդդիմություն–իշխանություն բովանդակային քննարկման, աղմուկն այլևս իմաստ չունի։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ընդդիմության կողմից իշխանությանն ուղղված քննադատություններին։
«Շիշ շպրտելուց սկսած, ամեն ինչ տեղի է ունեցել։ Դե կրակել հըլը որ չի ստացվում իրենց մոտ, չի էլ ստացվի, այո։ Կա՞ խոսակցություն, եկեք խոսենք, որովհետև մտքերը` բուռն, կրքոտ կարելի է արտահայտել, բայց այստեղ մեր դատավորի, մեր գործատուի` ժողովրդի առաջ կանգնենք, խոսենք»,–ասաց Փաշինյանը։
Ըստ վարչապետի` ընդդիմությունը փախչում է առերես խոսակցությունից, բայց ինքը պատրաստակամություն է հայտնում դռնփակ և դռնբաց ռեժիմով հանդիպել և պատասխանել բոլոր հարցերին։
«Մի ժամանակ դռնփակից էին փախչում, հիմա նաև դռնբացից են փախչում։ Սա ինչի՞ մասին է վկայում։ Հայհոյանքների բառապաշարը սպառվել է, եկեք բովանդակային խոսենք», - ասաց Փաշինյանը։
Հավելենք, որ այսօր ՀՀ ազգային ժողովում պատգամավորների միջև կրկին քաշքշուկ էր տեղի ունեցել։