ՌԴ–ն առաջարկել է միանման դարձնել ԵԱՏՄ-ում զբոսաշրջային ծառայությունների ստանդարտները

ԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ
ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունն առաջարկել է ԵԱՏՄ երկրների զբոսաշրջային ենթակառուցվածքներում ներդրողների փոխադարձ ներգրավման նպատակով ակտիվացնել ներդրումային նախագծերի մասին տեղեկությունների փոխանակումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներին առաջարկում է ակտիվացնել աշխատանքը զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակի չափանիշները միանման դարձնելու ուղղությամբ: Այդ մասին հայտնել է տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վախրուկովը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովում։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե մենք մեր առջև նպատակ ենք դնում ստեղծել միասնական զբոսաշրջային տարածք, իսկ մենք նման նպատակ դնում ենք, ապա ծառայությունների որակի մատուցման չափանիշները նույնպես պետք է միասնական լինեն, որպեսզի զբոսաշրջիկները, հասկանալով, թե ուր են ուզում գնալ, իմանան, որ Ռուսաստանում «չորս աստղը» նույնն են, ինչ միության մյուս բոլոր երկրներում։ Ուստի առաջարկում ենք ակտիվորեն շարժվել ստանդարտների ներդաշնակեցման ուղղությամբ, և դավերաբերում է ոչ միայն հյուրանոցներին, այլև ծառայությունների որակին, սպասարկման ստանդարտներին, լողափերին և այլ ենթակառուցվածքներին», - ասել է Վախրուկովը։
Նա նաև առաջարկել է միության երկրների զբոսաշրջային ենթակառուցվածքներում ներդրողների փոխադարձ ներգրավման նպատակով ակտիվացնել ներդրումային նախագծերի մասին տեղեկությունների փոխանակումը:
Վախրուկովն օրինակ է բերել «Ռոզա-Խուտոր-Շիմբուլակ-Ամիրսոյ» (Ռուսաստան - Ղազախստան - Ուզբեկստան) միջպետական զբոսաշրջային լեռնային երթուղին, որը մշակման ակտիվ փուլում է։
Նա նշել է` մշակումները շատ են, պետք է ակտիվացնել աշխատանքը համատեղ անդրսահմանային զբոսաշրջային երթուղիների ուղղությամբ՝ միասնական զբոսաշրջային պրոդուկտ առաջարկելով։
Եվրասիական տնտեսական համաժողովն ամենամյա միջոցառում է, որը հաջորդաբար անցկացվում է միության անդամ այն երկրում, որը նախագահում է կառույցի մարմիններում (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ, Եվրասիական միջկառավարական խորհուրդ և ԵՏՀ խորհուրդ): Նախորդ տարի համաժողովն անցկացվել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։
Sputnik-ը հանդես է գալիս որպես Եվրասիական տնտեսական համաժողովի տեղեկատվական գործընկեր։
ԵՊՀ-ն և ԵԱՏՄ չորս բուհեր փաստաթուղթ կստորագրեն Երիտասարդական համաժողովի շրջանակում