Պատրաստ ենք քննարկել կաթի փոշու ներմուծման քվոտավորումը. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Եթե պարզվի, որ տեղական կաթի իրացմանը խանգարում է ներմուծված փոշին, ապա կարելի է դիտարկել ներմուծման սահմանափակումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել ներմուծված կաթի փոշու քվոտավորումը։ Այդ մասին ԱԺ–ում հարցուպատասխանի ընթացքում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` պատասխանելով ՔՊ–ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարցին։
Ասատրյանը, ինչպես նաև ՔՊ–ից մեկ այլ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, նշել էին, որ այս տարի կաթ վերամշակողներն իջեցրել են մթերման գները` մինչև 120-130 դրամ 1 լիտրի դիմաց։ Ավելին, ըստ Ասատրյանի, կաթն ընդունվում է սահմանափակ քանակությամբ։ Վերջապես, խնդիր է ստեղծում նաև ներմուծված կաթի փոշին, որն ավելին էժան է տեղական կաթից։
«Մթերման գների և ներմուծված փոշու հետ մրցակցության առումով կարելի է դիտարկել ներմուծումը քվոտավորելու հարցը։ Իսկ ինչ վերաբերում է կաթի ընդունման սահմանափակումներին, ապա դրանք կարող էին առաջանալ այն բանից հետո, երբ ժամանակավորապես արգելվել էր հայկական կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան»,–նշեց նախարարը։
Այժմ ՀՀ–ից Սննդի անվտանգության տեսչական մարմինը, իսկ ՌԴ կողմից` Ռոսսելխոզնադզորը ինտենսիվ աշխատանք են տանում, որպեսզի որակական չափանիշներին համապատասխանող ընկերությունների համար արտահանման սահմանափակումը հանվի։
Նշենք, հիմա Հայաստանը դեպի ՌԴ է արտահանում տարեկան ավելի քան 10 մլն դոլարի կաթնամթերք (հիմնականում` պանիր)։