ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը Մոսկվայում կմեկնարկի մայիսի 25-ին: Այսօր Եվրասիական տնտեսական համաժողովում հայկական կողմը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը հիշեցրել է, որ այսօր ՌԴ նախագահը ելույթ կունենա Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում՝ «Զարյադյե» համերգասրահում:
«Հայաստանից կլինի փոխվարչապետ Գրիգորյանը։ Վաղը արդեն Փաշինյանը կմիանա», - ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական կողմը համաձայնել է Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ համապատասխան առաջարկը ստացվել է ռուսական կողմից, և Հայաստանն ընդունել է այն: Հանդիպումը նախատեսվում է մայիսի 25-ին: