ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Արդեն 6–րդ օրն է` Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքներ են ընթանում, դեռևս առկա են ծխացող օջախներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են աղբավայրի տարածքում առաջացած տորֆանման զանգվածները, որոնց խորությունը տվյալ հատվածներում հասնում է մինչև 10 մետրի»,–նշված է հաղորդագրությունում:
Դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Երևանի քաղաքապետարանի 8 բեռնատար, 6 ջրատար, 8 տրակտոր։
Հրդեհաշիջման աշխատանքները տեղ-տեղ իրականացվում են նաև հողածածկման միջոցով:
Նշվում է նաև, որ ՆԳՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ճառագայքային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի քիմիկ-հետախույզների կողմից իրականացվել է օդում աղտոտվածության չափումներ։ Պարզվել է, որ թթվածնի պարունակությունը մթնոլորտում նորմայի սահմաններում է։