Մեծ Բրիտանիայի հիմնական նպատակը մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա անմիջական ազդեցություն ունենալն է, հետևաբար ռազմավարական համագործակցություն ասելով` նկատի ունեն գործողություններ, որոնք ուղղված կլինեն Իրանի և Ռուսաստանի դեմ, ինչպես նաև Հայաստանի ներքաշումն այդ քաղաքականության մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` խոսելով բրիտանական քաղաքականության մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին ժամանել էր Հայաստան։ Նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Կողմերը կարևորել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ եվրոպացի պաշտոնյան հայտարարել էր, որ Միացյալ Թագավորության` ղարաբաղյան հարցի հետ կապված դիրքորոշումը չի փոխվել։
«Մեծ Բրիտանիան մեծ դերակատարում է ունեցել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում, ինչի մասին վկայում են բազմաթիվ նյութեր։ Երբ պատերազմի ժամանակ ՄԱԿ–ում ինչ–որ բանաձև ընդունելու հարց առաջացավ, հենց Միացյալ Թագավորությունն էլ, ըստ թուրքական առաջին հեռուստաալիքի տեղեկատվության, խոչընդոտեց այդ գործընթացը, ինչպես նաև խանգարեց պատերազմն ավելի շուտ դադարեցնելուն»,– ասաց Դանիելյանը։
Քաղաքագետը հիշեցրեց 2017 թվականը, երբ «Ելք» դաշինքն անցավ խորհրդարան, կազմակերպեց լսումներ այն թեմայի շուրջ, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ–ից և ՀԱՊԿ–ից, այսինքն` մինչև իշխանության գալն արդեն իսկ իրենց դիրքորոշման մասին հայտնել են` ցույց տալով նաև բրիտանացի գործընկերներին, որ հենց դա է իրենց ծրագիրը։ Վերջին հինգ տարիներին գործող իշխանությունն ակնհայտորեն գնում է այդ ճանապարհով, ինչի գինը Արցախը հայաթափելն է ու Ադրբեջանի կազմում ճանաչելը, ինչպես նաև Սյունիքի տարածքով միջանցք տրամադրելը։
«2017 թվականից սկսած` կար վերոհիշյալ գիտակցումը, ինչն արդեն վերածվել է հստակ քաղաքականության, որը վարում են նրանք, ովքեր այսօր ներկայացնում են ՀՀ իշխանությունը»,– ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ գործ ունենք Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հետ։ Դանիելյանի պնդմամբ` արցախյան պատերազմը հոկտեմբերի 19–ին դադրեցնելու ռուսական առաջարկը մերժելը նույնպես Հայաստանի կողմից իրականացվող այդ քաղաքականության դրսևորումներից մեկն էր, որն անկասկած հուշել էին բրիտանացիները։
Դանիելյանի դիտարկմամբ` Մեծ Բրիտանիան վերջին տարիներին շատ կարևոր դերակատարում է ստանձնել նաև այլ տարածաշրջաններում և մեծապես ներգրավված է հատկապես ռուս–ուկրաինական հակամարտությունում։ Երբ ի սկզբանե բանակցություններ էին ընթանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, հենց Միացյալ Թագավորությունն է մեծ դերակատարում ունեցել, որպեսզի խաղաղության, զինադադարի կամ հաշտեցման պայմանագիր չկնքվի։ Մեծ Բրիտանիան մինչ օրս շարունակում է սպառազինություն մատակարարել Ուկրաինային և խորհրդատվությամբ օգնել այդ երկրին։