ՀՀ ԶՈւ–ի սպառազինության մեջ իրանական կամ ֆրանսիական ԱԹՍ-ներ գոյություն չունեն. Պապիկյան

Սուրեն Պապիկյան. Արխիվային լուսանկար
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է ադրբեջանական մամուլում տարածված կեղծ տեղեկությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայկական կողմը ադրբեջանական սադրանքներին ի պատասխան երբևէ չի կիրառել իրանական կամ ֆրանսիական ԱԹՍ-ներ: ՀՀ ԶՈւ–ի սպառազինության մեջ այդ երկրների նման զինատեսակներ գոյություն չունեն։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«ՊՆ-ն հերքել է այս ապատեղեկատվությունը ու նշել, որ մեր սպառազինության մեջ նման զինատեսակ գոյություն չունի, բայց այս ապատեղեկատվությունը շարունակությունն է նաև հայտնի ՍՈւ-30-ների մասին ապատեղեկատվության, երբ նշվում էր, որ ՀՀ ԶՈւ-ին պատկանող ինքնաթիռները տրվել են այլ երկրի», - ասաց Պապիկյանը:
Նախարարի խոսքով` ադրբեջանական կողմն արդեն իսկ հերքել է իրենց իսկ տարածած տեղեկությունները։
«Երբ մայիս ամսին տեղի ունեցան իրադարձություններ Սոթքում, առաջին իսկ օրը նախապատրաստական ապատեղեկատվությունն այնպիսին էր, որ հայկական կողմը շարունակում է օգտագործել իրանական ԱԹՍ-ներ, այնուհետև, իրենք իրենց իսկ հերքելով՝ հաջորդ օրը բոլորին ներկայացրեցին, որ իրենց տարածքում հայտնաբերվել են հայկական արտադրության ԱԹՍ-ների մնացորդներ, իսկ արդեն հաջորդ օրը ԱԹՍ-ները դարձան ֆրանսիական ու, իբր, դրանք օգտագործվում են ֆրանսիացի ինստրուկտորների միջոցով, բնականաբար, սա հերթական ապատեղեկատվությունն է: Այո, ես պաշտոնապես դա հերքում եմ»,- ասսաց ՀՀ պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք՝ մայիսի 11-ին ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հերքել էր ադրբեջանական կեղծ լուրերը իբր թե իրանական ԱԹՍ-ներ օգտագործելու մասին։