ՀՀ ներմուծված շուրջ 1 տոննա կոկաինի գործով կա ձերբակալված. ԱԱԾ

Կոկաին. Արխիվային լուսանկար
«Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետը դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներմուծված կոկաին տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոցի գործով մեկ անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ մայիսի 17–ին ԱԱԾ–ն հայտարարություն էր տարածել, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով ՀՀ է ներմուծվել կոկաին տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց։
Ո՞վ է կոկաինի պատվիրատուն. դատախազությունում ուսումնասիրում են, ՊԵԿ–ում տեղյակ չեն
«Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջինս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է»,– նշված է հաղորդագրության մեջ:
ԱԱԾ հաղորդագրության համաձայն` քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու համար։