ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ–ում խոսել է հայ–ադրբեջանական ու հայ–թուրքական հարաբերությունների մասին։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։
Նշվում է, որ Գրիգորյանը ՌԴ Մոսկվայի մարզում մասնակցում է «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպմանը», որի ընթացքում հանդես է եկել ելույթով:
ԱԽ քարտուղարը խոսել է 1991թ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին և ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային անվտանգությանը սպառնացող մարտահրավերները:
Մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Միաժամանակ, Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում` Լաչինի միջանցքում, 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմանը։
«Դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է, որով Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել ԼՂ բնակչությանը»,–ասել է Գրիգորյանը։
Այս համատեքստում ԱԽ քարտուղարը կարևորել է ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի գործարկումը, ինչպես նաև ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտությունը:
Ելույթի եզրափակիչ մասում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար և հույս հայտնել, որ այդ հարաբերությունների կարգավորումն առավել ինտենսիվորեն առաջ կընթանա։