ԵԱՏՄ-ն պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկի. ՀՀ փոխվարչապետի ելույթը Մոսկվայում

Նա կարծում է, որ ԵԱՏՄ քաղաքացիների պրոֆեսիոնալիզմն ու մասնագիտական կոմպետենտությունը պետք է առաջանցիկ լինեն ինչպես որակի, այնպես էլ տարողունակության առումով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ելույթ ունենալով Եվրասիական Տնտեսական համաժողովի նիստի ընթացքում, նախանշել է այն քայլերը, որոնք ԵԱՏՄ երկրները պետք է ձեռնարկեն առավել արդյունավետ համագործակցության համար:
«Առաջին հերթին պետք է հաշվի առնել, որ մենք բոլորս տարբեր հարկային ռեժիմներ ունենք, էներգակիրների տարբեր արժեք, լոգիստիկ հնարավորություններ, բյուջետային մուտքերի աղբյուրներ, գլոբալ ճգնաժամերից և բացասական երևույթներից պաշտպանվելու պոտենցիալներ, բիզնեսին աջակցելու միջոցառումների տարբեր մեխանիզմներ։ Ըստ այդմ, մեր փոխգործակցության ռազմավարական տնտեսական բովանդակությունը պետք է համապատասխանի այդ հիմնարար գործոններին»,-ասել է նա։
Գրիգորյանը կարևորել է տեխնոլոգիական առաջընթացը տնտեսական զարգացման համար։ Նման մոտեցման դեպքում, նրա խոսքով, մարդկային կապիտալի զարգացման եվրասիական ռազմավարություններն առավել գործուն, սինխրոն և որակյալ կդառնան։ Չէ՞ որ ինտեգրման հիմնական իմաստը մարդկային կապիտալի (որպես Եվրասիայի գլխավոր ներուժի և ապագայի) զարգացումն է։
«Ցավոք, չնայած միության գիտական և ռեսուրսային հսկայական ներուժին, մեր քաղաքացիների կրթության բարձր մակարդակին, առայժմ չենք կարող արձանագրել, որ համաշխարհային տեխնոլոգիական և տեխնիկական առաջընթացի առաջատարները մեր երկրներն են։ Արմատապես փոփոխվող աշխարհը և զարգացման բարձր տեմպերը նորարարական գաղափարների և ժամանակակից ստեղծագործական մոտեցման շարունակական հոսք են պահանջում գլոբալ խնդիրների արդյունավետ լուծման համար»,-հավելել է նա։
«Ինտեգրման եվրասիական ձևաչափը սկսվել է Պուտինի խոհանոցում». Լուկաշենկո
Ընդ որում, արժեքավոր նորարարական գաղափարները պահանջված են ամբողջ աշխարհում և, բնականաբար, գաղթում են առավել բարենպաստ միջավայր, ուստի անհրաժեշտ է այդպիսին միության սահմաններում։
Փորձագետների գնահատմամբ` առավել զարգացած տնտեսություններ ունեցող երկրներում ազգային եկամտի միջին աճի 60%-ը պայմանավորված է ժամանակակից գիտելիքների, հմտությունների և որակյալ կրթության մակարդակի աճով։
Մարդկային ներուժի իրացման հարցերն արդիական են ցանկացած աշխարհատնտեսական իրականության մեջ։
Գրիգորյանը նշել է, որ մոտ ապագայում կրթական և առողջապահական ծառայությունների շուկաներն ակնհայտորեն կդառնան գլոբալ և կավելացնեն իրենց մասնաբաժինը ծառայությունների համաշխարհային առևտրում։
«Եվ այդ տեսանկյունից մենք արդեն հիմա պետք է օգտագործենք և ընդլայնենք դրանց արտահանման ներուժը, ինչն իր հերթին թույլ կտա մեր միությունում արդար գնահատել նման ծառայությունների որակը և դրանց մրցունակությունը», -ասել է նա։
Հիշեցնենք, որ ՌԴ–ում այսօր կայացավ Եվրասիական երկրորդ տնտեսական համաժողովի լիագումար նիստը, որի ժամանակ ելույթ ունեցավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը:
Մոլդովան 2018 թվականի մայիսից ԵԱՏՄ-ին կից դիտորդ է։ 2020 թվականին ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանդիպմանը որոշում է կայացվել Կուբային նույնպես ինտեգրացիոն միավորմանը կից դիտորդի կարգավիճակ տրամադրել։