ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. ԵԱՏՄ երկրները պետք է զարգացման սեփական բյուջեն ստեղծեն։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ Սերգեյ Գլազևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գլազևը նշել է, որ վերլուծվել են միության բոլոր հինգ պետությունների երկարաժամկետ առաջնահերթությունները, և դրանք համընկնում են հիմնական հարցերում`թե՛ կրիտիկական տեխնոլոգիաների, թե՛ առաջնահերթ ուղղությունների տեսանկյունից, և համընկնում են նոր տեխնոլոգիական ծրագրի աճի առանցքային ուղղությունների հետ:
«Բայց այդ, աճի ալիքի վրա դուրս գալուն մեզ խանգարում է հենց այն խնդիրների ֆինանսավորման աղբյուրների բացակայությունը, որոնց մասին խոսվեց այսօր. կոոպերացիա, համատեղ նախագծեր, տեխնոլոգիական ինքնիշխանություն։ Մենք պետք է կրկնապատկենք ներդրումների ծավալը, որպեսզի հասնենք առաջատար երկրների մակարդակին»,-ասել է նա Եվրասիական տնտեսական համաժողովի ընթացքում։
Գլազևի կարծիքով` դրա հնարավորություններն առկա են։
«Մենք կապիտալի հսկայական աճ ենք տեսնում։ Մեր աշխատանքի տասը տարիների ընթացքում մեր միությունից դուրս է եկել ամբողջ մեկ տրիլիոն դոլար, որը չի վերադարձվել հումքի արտահանումից ստացված արտարժութային հասույթի տեսքով։ Մենք առաջարկում ենք մտածել այն մասին, թե ինչպես կարելի է այդ գումարը պահել համատեղ նախագծերում և զարգացման ուղղություններում։ Դրա համար մեզ անհրաժեշտ է ԵԱՏՄ-ի զարգացման բյուջե»,-ասել է նա։
Եվրասիական Տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից:
Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Մոլդովան 2018 թվականի մայիսից ԵԱՏՄ-ին կից դիտորդ է։ 2020 թվականին ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանդիպմանը որոշում է կայացվել Կուբային նույնպես ինտեգրացիոն միավորմանը կից դիտորդի կարգավիճակ տրամադրել։