ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. ԵԱՏՄ երկրներին անհրաժեշտ է միասնական տրանսպորտային համակարգ ձևավորել։ Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել է Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստի ընթացքում:
«Կայուն տնտեսական զարգացման կարևորագույն ուղղությունը գլոբալ տրանսպորտային և լոգիստիկ համակարգի ձևավորումն է։ Կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է միությունում միասնական տրանսպորտային համակարգ ունենալ՝ միասնական կառավարմամբ, որը կձևավորվի` հաշվի առնելով անդամ պետությունների սուվերեն մասնակցությունը»,-ասել է Մյասնիկովիչը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով` նման մոտեցումը թույլ կտա ոչ միայն վերացնել խոչընդոտները ԵԱՏՄ ներքին շուկայում, այլև ՇՀԿ երկրների հետ համատեղ անդրմայրցամաքային լոգիստիկ մեգանախագիծ ձևավորել, ինչը կդառնա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունների և «Արևելք-արևմուտք» ու «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքների գործնական բովանդակությունը:
Եվրասիական Տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից:
Միության անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Մոլդովան 2018 թվականի մայիսից ԵԱՏՄ-ին կից դիտորդ է։ 2020 թվականին ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանդիպմանը որոշում է կայացվել Կուբային նույնպես ինտեգրացիոն միավորմանը կից դիտորդի կարգավիճակ տրամադրել։