«Արդյունավետ էր». ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն ամփոփել է հայաստանյան այցը

Խավիեր Կոլոմինան ու Նիկոլ Փաշինյանը
Կոլոմինան հանդիպել է ՀՀ վարչապետի, արտգործնախարարի և ԱԽ քարտուղարի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան արդյունավետ է որակել հայաստանյան այցը։ Նա այդ մասին գրել է Twitter-ում` նշելով, որ հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
«Քննարկել ենք Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնման ուղիները և տարածաշրջանային անվտանգության դինամիկան, մասնավորապես վերջին բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ներկա վիճակը»,– գրել է նա։
Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանն ու Խավիեր Կոլոմինան քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ու կայունության ապահովումը, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։
«Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը, Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ներդրումն ու այլ հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը և համագործակցությանը վերաբերող հարցեր: