ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին. Պետդեպ

Պետդեպարտամենտի խոսնակը նշել է, որ կարևոր չէ, թե աշխարհի որ ծայրում են անցկացվում այդ բանակցությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ անկախ նրանից, թե որ երկրում են դրանք կայանում։ Այս մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը՝ անդրադառնալով վաղը Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը։
«Մենք աջակցում ենք այս բանակցություններին՝ լինի դա Վաշինգտոնում, ինչպես անցյալ ամիս, Բրյուսելում, ինչպես մի քանի շաբաթ առաջ, կամ աշխարհի ցանկացած վայրում», - ասել է Միլերը ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ կարևոր է, որ կողմերը շարունակեն կարգավորման շուրջ երկխոսությունը, իսկ Վաշինգտոնը ուղիղ կապ կպահպանի նրանց հետ։
Նշենք, որ մայիսի 25–ին Մոսկվայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական կողմը համաձայնել է Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում:
Կառավարության ղեկավարն ընդգծել էր, որ համապատասխան առաջարկը ստացվել է ռուսական կողմից։