ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Քրիստոսի արձանը թույլ չեն տվել կանգնեցնել Հատիս լեռան գագաթին, այն կլինի Հատիսի կողքին։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներին։
«Այն պատմամշակութային վայր է։ 4000 տարի առաջ այնտեղ ամրոց է եղել։ Ես էլ գումար եմ փոխանցել, որ ամրոցը վերականգնեն, այդ արձանն էլ կողքը կլինի, որ մարդիկ գան, տեսնեն»,–ասաց նա։
ԲՀԿ առաջնորդը նաև հայտնեց, որ Հիսուս Քրիստոսի արձանի 18 մետրն արդեն կառուցված է, ամենայն հավանականությամբ 2024 թվականին արձանի բացումը կլինի։
«Այժմ թղթաբանության հարցերն են կարգավորվում, թույլտվության հարցով զբաղվում ենք»,- նշեց Ծառուկյանը։
Հիշեցնենք` Ծառուկյանը Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին տեղեկացրել էր 2022 հունվարի 14-ին։ Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա ի պատասխան 3 հակափաստարկ ներկայացրեց ու շարունակեց նախագծի իրագործումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Ավելին` Փաշինյանը պետական կառավարման մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետում ընդունել ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը իրականացնելու համար:
Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները մեկնարկեցին հուլիսի 9-ին։
ԿԳՄՍ նախարարությունը հուլիսի 11-ին հայտարարեց, որ ընդունելի համարելով Հիսուս Քրիստոս մոնումենտալ արձանի գաղափարը` պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։
Ըստ տեղեկությունների` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան գագաթին գտնվող 9 հողակտոր, որոնք ներառում են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։
2022 թ.-ի օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ հիմնադրամին է օտարվել Հատիս լեռան լանջին` Սուրբ Պետրոս եկեղեցուց հյուսիս-արևմուտք գտնվող ևս 7 հա հողատարածք։